Մենք շատ ընդհանրություններ և միմյանցից սովորելու շատ բան ունենք․ Հայաստանում Վրաստանի դեսպան
8 ր. | 2025-08-08Հայ-վրացական հարաբերությունների զարգացման համատեքստում «Օրբելի» կենտրոնը բացառիկ հարցազրույց է անցկացրել Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեի հետ։ Զրույցի ընթացքում շոշափվել են մի շարք կարևոր թեմաներ՝ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումից մինչև տարածաշրջանային խաղաղության նախաձեռնություններ, տնտեսական և ենթակառուցվածքային համագործակցություն և մշակութային դիվանագիտություն։ Վրաստանի դեսպանը ներկայացրել է երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը, ձեռքբերումներն ու ընթացիկ նախագծերը, ինչպես նաև առաջարկել է, թե ինչպես կարող են Հայաստանն ու Վրաստանը խորացնել իրենց համագործակցությունը տարբեր ոլորտներում։
-Պարոն Դեսպան, Ձեր վերջին հարցազրույցներից մեկում շեշտել էիք, որ Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները պատմական առավելագույնի են հասել։ Որ իրողություններն են նման գնահատականի արժանացրել երկու երկրի հարաբերությունները։
-Շնորհակալություն հարցի համար։ Սա իսկապես միլիոն դոլարանոց հարց է, բայց ես հավանաբար կսկսեի ռազմավարական գործընկերությունից, որի համաձայնագիրը մենք վերջապես ստորագրեցինք մեկ տարի առաջ, և դա այս տարվա կարևորագույն իրադարձությունն էր։ Եվ դրանից հետո, կարծում եմ, որ կամրապնդենք մեր համագործակցությունը տարբեր ուղղություններով, ներառյալ տնտեսական համագործակցությունը, քաղաքական երկխոսությունը, այս երկխոսության ակտիվացումը մշակութային և կրթական ոլորտներում, երիտասարդության հարցերում։ Յուրաքանչյուր բաղադրիչում մենք բավականին զգալի առաջընթաց ունենք՝ համեմատած անցած տարիների հետ։
-Վրաստանը տարածաշրջանում մշտապես հանդես է եկել խաղաղության տարբեր նախաձեռնություններով։ Վերջին շրջանում շեշտվում է խաղաղ Կովկասի վերաբերյալ նախաձեռնությունը։ Կմանրամասնե՞ք, թե ինչ նախաձեռնություն է, ի՞նչ է առաջարկում հակամարտող կողմերին։
- Վրաստանը հասկանալի պատճառներով հետաքրքրված է կայունությամբ, երկարատև խաղաղությամբ, տնտեսական կապերի ամրապնդմամբ և մեր տարածաշրջանում կապուղիների բացմամբ: Մենք հատուկ ուշադրություն պետք է դարձնենք Կովկասում կայունությանն ու խաղաղությանը: Կոնկրետ այս դեպքում, մեր գործընկերների հետ քննարկելու համար սեղանին դրվել են բավականին շատ նախաձեռնություններ: Վերջերս Թբիլիսիում մենք հանդիպեցինք Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի փոխնախարարների հետ: Կցանկանայինք շարունակել այս փորձը և նաև քննարկել այն հնարավորությունները, որտեղ կարող ենք համագործակցություն սկսել:
-Տարածաշրջանում կայունության հասնելու համար Հայաստանն իր հերթին առաջարկում է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։ Ըստ Ձեզ՝ երկարատև խաղաղության հասնելու համար Հվ․ Կովկասի երկրները ինչ քայլեր պիտի անեն հակամարտությունների կարգավորման համատեքստում։
- Հավանաբար կսկսենք տնտեսական և առևտրային կապերից: Կապուղիների բացումը, ինչպես արդեն նշեցի, մեծ նշանակություն ունի մեր երկրների համար: Եվ ես կարծում եմ, որ քննարկվող յուրաքանչյուր նախաձեռնություն շատ հետաքրքիր է, քանի որ մենք խոսում ենք Արևելք-Արևմուտք, Հարավ-Հյուսիս միջանցքների, Միջին միջանցքի մասին, սրանք պետք է ավելի մանրամասն քննարկվեն: Բայց ակնհայտ է, որ ելքի հարցում մեզ անհրաժեշտ է երկարատև խաղաղություն, քանի որ կայուն զարգացումը կախված է դրանից:
-Ռազմավարական համագործակցության համաձայնագրի ստորագրումից արդեն մեկ տարի անցել է։ Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը, որո՞նք են համագործակցության հաջողված ոլորտները և որոնք ունեն ներուժ նոր համագործակցությունների համար։
- Նախևառաջ, դրանք քաղաքական կապերն են՝ ամենաբարձր մակարդակով։ Տարին առնվազն երկու անգամ վարչապետերն այցելում են մեր երկրներ, և դա խթան է տալիս մեր նախարարություններին, պետական գործակալություններին, և ոչ միայն մեր պետական գործակալություններին, այլև ոչ պետական հատվածին, որպեսզի նրանք ավելի սերտորեն համագործակցեն բոլոր ուղղություններով։ Բացի այդ, մենք ունենք տնտեսական համագործակցության հրաշալի մեխանիզմ, որը միջկառավարական խորհուրդն է, ինչը շատ ենք օգտագործում։ Տարին մեկ անգամ մենք հավաքվում ենք հնարավոր ամենաբարձր մակարդակով։ Եվ դա նաև քաղաքական երկխոսություն է արտաքին գործերի նախարարությունների միջև։ Երևանը շատ շուտով կհյուրընկալի այս քաղաքական քննարկումների հաջորդ փուլը։
Դարեր շարունակ Վրաստանն ու Հայաստանը շատ յուրահատուկ դիրքում են եղել, և ես իսկապես չեմ կարող նշել աշխարհի այն հարևան երկրներին, որոնք հազարավոր տարիներ ապրել են միասին և երկար տարիներ խոր հակամարտություններ չեն ունեցել։ Սա այն է, ինչ մենք իսկապես կարող ենք վայելել։ Մեր պատմությունը մեր անցյալն է, մեր ընդհանուր անցյալը, բայց դա նաև մեր ապագան է։ Եվ մենք պետք է դասեր քաղենք մեր անցյալից և նայենք դեպի ապագա։
Երիտասարդական հարցերում, կրթության մեջ ակտիվացումը շատ խրախուսելի է, քանի որ երիտասարդական երկխոսությունն արդեն իսկ տեղի է ունենում։ Մի քանի շաբաթ առաջ Հայաստանում կայացավ երրորդ փուլը, որին մասնակցեցին Հայաստանի կրթության, սպորտի, երիտասարդության և գիտության նախարարը և Վրաստանի փոխնախարարը։ Մի քանի շաբաթից մենք կհյուրընկալենք հայ երիտասարդներին Անակլիայի ճամբարում, և դա մեզ հնարավորություն է տալիս երկխոսություն և բանավեճ հաստատել ուսանողների և երիտասարդության ներկայացուցիչների միջև։
Մշակույթի ոլորտում, կարծում եմ, որ գտնվում ենք համագործակցության գագաթնակետում, քանի որ վերջերս անցկացրինք վրացական մշակույթի օրեր Երևանում, որը կազմակերպել էր հայկական կողմը։ Նույն միջոցառումը մենք կանցկացնենք Վրաստանում․ 2026 թվականին Վրաստանում կանցկացվեն հայկական մշակույթի օրեր։ Եվ դա նաև հնարավորություն է ներկայացնելու մշակույթը, անցկացնելու ցուցահանդեսներ, փոխանակումներ, քննարկումներ։ Մարդկանց միջև կապերը մենք շատ ենք արժևորում։
Բիզնես համագործակցությունը նույնպես արժանի է հիշատակության։ Մայիսի 6-ին մենք շատ հետաքրքիր տնտեսական ֆորում անցկացրինք Երևանում, որտեղ Վրաստանի և Հայաստանի շատ ականավոր գործարարներ քննարկեցին ապագա համագործակցության ուղիները։
Բացի այդ, այս տարի Դիլիջանում ևս մեկ հնարավորություն ունեցանք հանդիպելու Վրաստանի և Հայաստանի բազմաթիվ զբոսաշրջային ընկերությունների հետ։ Նրանք աշխատում են ապագա հաճախորդների համար համատեղ առաջարկների վրա, և դա նույնպես շատ հետաքրքիր է, քանի որ ավելի քան 30 զբոսաշրջային գործակալություն համատեղ օրակարգ է ներկայացնում օտարերկրյա հյուրերին՝ տարածաշրջան այցելելու համար։ Այսպիսով, դա շատ խրախուսելի է, և մենք շատ լավատես ենք մեր համագործակցության ապագայի նկատմամբ։ Չեմ խոսում զբոսաշրջության մասին, քանի որ գրեթե 1 միլիոն հայ է այցելում Վրաստան, իսկ [Հայաստան այցելող- հեղ․] վրացիների թիվը կտրուկ աճել է։
-Հայաստան-Վրաստան հարաբերություններում համագործակցության ամենազարգացած ուղղությունը, իրավամբ, տնտեսությունն է ու երկկողմ առևտրաշրջանառությունը։ Ի՞նչ եք կարծում 1 մլրդի շեմը հատելուց հետո ինչպիսի նոր իրատեսական նպատակներ կարող են կողմերն իրենց առջև դնել՝ հատկապես հաշվի առնելով տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերները։
- Նախևառաջ, կցանկանայի նշել, որ Վրաստանում և Հայաստանում մեկնարկել են բավականին մեծ ենթակառուցվածքային նախագծեր։ Եվ դա կարևոր է, քանի որ մենք աշխատում ենք ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ, կապուղիների համար անհրաժեշտ է շատ բան անել, որոնք պայմանավորված են ֆինանսավորմամբ։ Եվ մենք իսկապես շնորհակալ ենք մեր միջազգային գործընկերներին, որոնք օգնեցին մեզ մեր երկրում ժամանակակից ենթակառուցվածքներ ստեղծել։
Մենք նաև աշխատում ենք էներգետիկայի ոլորտում կապուղիների վրա, ինչը նույնպես շատ կարևոր է, քանի որ մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում վերականգնվող էներգիային, կանաչ էներգիային, և դա այն է, որի վրա մենք աշխատում ենք։ Առևտուրը շարունակում է աճել, և դա նույնպես շատ ողջունելի է։ Այսպիսով, ես հույս ունեմ, որ ապագայում մենք ավելի շատ համատեղ նախագծեր կունենանք, և դա ավելի կխթանի մեր համագործակցությունը։
-Վրաստանում ակտիվորեն իրականացվում է Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ ավտոմայրուղիների շինարարությունը։ Եվրոպական բանկի ֆինանսավորմամբ Արևելք-Արևմուտք մայրուղու 2 հատվածը երկարաձգվելու էր մինչև Հայաստանի և Ադրբեջանի սահմանները։ Ի՞նչ փուլում է Ալգեթի-Սադախլո հատվածի շինարարությունը։
- Ալգեթի-Սադախլո մայրուղու հետ կապված մենք արդեն հայտարարել ենք մրցույթների փուլ՝ Վրաստանի սահմանները միացնող այս հսկայական նախագծի իրականացման համար։ Մենք ունենք նաև մեկ այլ ուղղություն՝ Լարսը, և այնտեղ մենք շատ ինտենսիվ աշխատանքներ ունենք, քանի որ դա շատ դժվար լանդշաֆտային տարածք է։ Դա Կազբեգիի շրջանի լեռնային տարածք է։
-Խոսելով Հյուսիս-Հարավ արագընթաց մայրուղու Քվեշեթի-Կոբի հատվածի շինարարության մասին, որը ոչ միայն Վրաստանի համար էական նշանակություն ունի, այլ նաև Հայաստանի, կցանկանայինք իմանալ, թե ինչ փուլում է դրա շինարարությունը։ Սկզբնական փուլում հայտարարվել էր, որ նախագիծը նախատեսվում է ավարտել 2024-ի վերջ։
- Այժմ կոնկրետ այդ հատվածում գլխավոր թունելն արդեն փորված է, ինչը ճանապարհի հիմնական մասն է։ Վերադառնալով Սադախլո-Ալգեթի հատվածին՝ այն նույնպես պատրաստ կլինի մինչև 2026 թվականը։ Ինչպես արդեն նշեցի, դա շատ դժվար խնդիր է, բայց մենք կառուցում ենք բազմաթիվ թունելներ, բազմաթիվ կամուրջներ, և, հավանաբար, դա ամբողջ տարածաշրջանի ամենամեծ ենթակառուցվածքային նախագիծն է։ Մենք դանդաղ, բայց հաստատուն առաջ ենք շարժվում, և ես հավատում եմ, որ շուտով կհասնենք մեր նպատակներին։ Եվ դուք կարող եք տեսնել այս կոնկրետ նախագծի պտուղներն ու արդյունքները։
- Հայաստանում անցկացվեցին Վրաստանի մշակույթի օրեր։ Հայ հասարակությունը, հանդիսատեսը մշտապես ջերմ վերաբերմունք է ունեցել վրացական մշակույթի, երգարվեստի և պարարվեստի նկատմամբ։ Ըստ Ձեզ՝ հասարակությունների փոխադարձ ճանաչելիությունը խթանելու համար ինչպիսի դեր ունեն նման միջոցառումները և ընդհանրապես ինչի վրա պետք է աշխատեն կողմերը միմյանց ավելի լավ ճանաչելու և իրար չվնասելու համար։
-Ես հավատում եմ, որ մշակույթի ոլորտում ամեն ինչ, ինչ կարելի է անել, կնպաստի մեր փոխըմբռնմանը: Մենք անընդհատ ասում ենք, որ մենք հարևաններ ենք, մենք ընկերներ ենք, մենք եղբայրներ ենք, և դա ճիշտ է: Մենք բավականին շատ ընդհանուր բաներ ունենք, ինչը իսկապես պետք է գնահատենք: Այս կոնկրետ դեպքում, երբ մենք խոսում էինք մշակույթի օրերի մասին այստեղ-այնտեղ, դա բավականին գեղեցիկ ավանդույթ էր տարիներ առաջ, բայց այն մոռացվել էր, և մենք սկսեցինք զրոյից։ Մեր առաջարկն էր ստեղծել մի հարթակ, որտեղ կարող ենք ներկայացնել ոչ միայն ավանդական պարեր և երգեր, այլև հնարավորություն կունենանք ներկայացնելու գինի, գինեգործարաններ, երիտասարդների համար նախատեսված հատուկ միջոցառումներ։ Բավականին շատ միջոցառումներ էին նախատեսվել Երևանում և իսկապես մեծ ոգևորությամբ ընդունվեցին:
Մշակութային օրերի գագաթնակետը՝ «Էլիսիոնի»-ի համերգն էր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, և կասեի, բավականին տպավորիչ շոու էր: Նաև՝ վրացական գինու օրերը, որ մենք ներկայացրինք: Վրաստանից մոտ 15 արտադրող ներկայացնում էր իր գինին՝ պատրաստված ավանդական վրացական եղանակով՝ Քվեվրիում (կարաս, կավե անոթ-հեղ․), և դա նաև շատ հետաքրքիր էր, քանի որ այն ուղեկցվում էր երաժշտությամբ, փողոցային սննդի ներկայացմամբ։ Հավանաբար, շատ երևանցիներ երկար ժամանակ կհիշեն դա։
Մենք նաև բացման միջոցառում անցկացրինք մեր դեսպանատանը, ընդունելություն կազմակերպեցինք, որը գրեթե համընկավ մեր Անկախության օրվա հետ, և մի շարք շատ հայտնի վրացի երաժիշտներ ժամանեցին Երևան։ Բայց խոսքը միայն մեկ շաբաթ կամ երեք օր ինտենսիվ մշակութային փոխանակումների մասին չէ, քանի որ գրեթե ամեն ամիս շատ իրադարձություններ են կատարվում Թբիլիսիում կամ Երևանում, ինչը հրաշալի է։
Եվ նաև, երբ խոսքը վերաբերում է Թբիլիսիում, Վրաստանում կայանալիք մշակութային օրերին, կարծում եմ, որ մենք հնարավորություն կունենանք ներկայացնելու Հայաստանի ավանդական, բայց նաև ժամանակակից դեմքը, ինչը մեծ հետաքրքրություն է ներկայացնում։
Ես խոսում էի Հայաստան այցելող վրացի զբոսաշրջիկների աճող թվի մասին և նախևառաջ կցանկանայի նշել զբոսաշրջության շատ հետաքրքիր մի մաս, որը զարգանում է՝ Վրաստանից [դեպի ՀՀ-հեղ․] գաստրոնոմիկ զբոսաշրջությունն է։ Մենք շատ ընդհանուր բաներ ունենք և շատ բան ունենք միմյանցից սովորելու, և շատ կարևոր է չմոռանալ դա։
-Պարոն դեսպան, եզրափակելով մեր հարցազրույցը, կուզենայի հարցնել ի՞նչն է ամենաշատը Ձեզ դուր գալիս Հայաստանում և հատկապես ինչի՞ համար վրացի զբոսաշրջիկը պիտի տեսնի Հայաստանը։
-Եվս մեկ միլիոն դոլարանոց հարց։ Շատ մշակութային տեսարժան վայրեր կան, հրաշալի ուտելիք։ Եվ, իհարկե, կառաջարկեի նաև հայկական կոնյակ։ Կարծում եմ՝ կսկսեմ Հայաստանի մշակութային տեսարժան վայրերից։ Այնտեղ շատ բան կա տեսնելու։ Եվ նրանց, ովքեր Թբիլիսիից են գալիս, իհարկե, կառաջարկեի այցելել թանգարաններ, պատմության թանգարան, արվեստի պատկերասրահ, Փարաջանովի թանգարան և շատ այլ տեսարժան վայրեր։ Եվ նաև վայելել ուտելիքը, իհարկե, քանի որ դա նույնպես մշակույթի շատ կարևոր մասն է, չպետք է մոռանանք դրա մասին։